ՀԻՄՆԱԴԻՐ

 

1991թ. ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը հիմնադրեց Համազգային թատրոնը։ Հայաստանի համար այդ դժվարին տարիներին նա ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի ապահովի թատրոնի կայացման դժվարին աշխատանքը։ Բեմադրվեցին ներկայացումներ, որոնք հանդիսատեսը ջերմորեն ընդունեց և մեծապես սիրեց։ Թատրոնի առաջին ներկայացումների թվում էին՝ «Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ», «Մենք», «Մի գավաթ բարություն», «Օսկար», «Լիր արքա» և այլն։  

Սոս Սարգսյանը ներդրեց իր ստեղծագործական ողջ ներուժը թատրոնի զարգացման համար, նոր հաջողությունների հասնելու համար։ Իր պաշտոնավարման ընթացքում Սոս Սարգսյանը նպաստեց, որ Համազգային թատրոնը լինի հեղինակավոր և արժեքներ ստեղծող, դերասանամետ թատրոն։


 


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը և ուրիշներ: 2000թ. թատերախումբ մտան տաղանդավոր երիտասարդ դերասաններ։ 

2003թ. թատրոնը ստացավ պետական կարգավիճակ, իսկ 2015թ. վերանվանվեց հիմնադրի անունով՝ կոչվելով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն։

Համազգային թատրոնի գործունեության առաքելությունն է՝ դարձնել հայկական թատրոնը միջազգային մեծ հնչեղություն ունեցող թատրոն, որը հուզում է, ոգեշնչում, թևեր տալիս բոլորին։ 

Համազգային թատրոնի կարևորագույն արժեքներն են՝ հայկական արժեքների պահպանումն ու տարածումը և նորարարությունը։


ՆՊԱՏԱԿՆԵՐ

Համազգային թատրոնի գործունեության նպատակներն են՝

  • կատարելագործելով հայկական դերասանական դպրոցն՝ ինտեգրվել համաշխարհային թատերական կյանքին,
  • կյանքի կոչել թատրոնի բազմաժանր խաղացանկային քաղաքականությունը՝ ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելով ժամանակակից հեղինակներին,
  • երիտասարդ ուժերի եռանդն ուղղել հայաստանյան թատերական կյանքը թարմացնելու և ակտիվացնելու գործին։