ԱՄՆ 2015

2015 թ. փետրվար ամսին կայացան Համազգային պետական թատրոնի պատմության մեջ ամենամեծ հյուրախաղերը՝ ԱՄՆ-ում և Կանադայում։ Հյուրախաղերն իրականացվեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ։ 

Համազգային թատրոնի հյուրախաղերի մեկնարկը տրվեց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության կազմակերպմամբ: Շուրջ տասն օր Նորթ Հոլիվուդի Էլ Փորթալ թատրոնի ճակատային մասում փակցված էր «Համազգային թատերական փառատոն» վերնագրով հայտագիրը։ Հենց այս թատրոնում փետրվարի 3-8-ը ներկայացվեցին Համազգայինի «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի» և «Ամենալավ տունը» ներկայացումները։

Համազգային թատրոնի լոսանջելեսյան հյուրախաղերը մեծ արձագանք գտան տեղի հայ համայնքի մշակութային կյանքում։ 11 ներկայացումներին ընդհանուր առմամբ ներկա գտնվեցին շուրջ 3850 հանդիսատես։ 

Լոս Անջելեսից խումբն ուղևորվեց Սան Ֆրանցիսկո, որտեղ Համազգային հայ կրթական և մշակութային միության «Նիկոլ Աղբալյան» մասնաճյուղի հրավերով փետրվարի 15-ին հանդես եկավ «44 աստիճանի վրա» ներկայացմամբ։ Խաչատուրյան հայկական համայնքային կենտրոնի ավելի քան 300 հանդիսական հյուրընկալող Սարոյան սրահը լեփ-լեցուն էր։

Համազգայինի ամերիկյան հյուրախաղերն անցան լեփ-լեցուն դահլիճներում և բազմիցս լուսաբանվեցին ԶԼՄ-ներով: