Կանադա 2015

2015թ. փետրվար ամսին կայացան Համազգային պետական թատրոնի պատմության մեջ ամենամեծ հյուրախաղերը՝ ԱՄՆ-ում և Կանադայում։ Հյուրախաղերն իրականացվեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ։ Կանադական ուղևորության կազմակերպման մեջ իր օժանդակությունն ուներ նաև Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը։

Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքի Սուրբ Հակոբ Վարժարանի Բաստրմաճյան սրահում, Համազգային հայ կրթական և մշակութային միության Մոնրեալի «Սանահին» մասնաճյուղի կազմակերպմամբ, փետրվարի 21-ին ներկայացվեց «Փրկության կղզի», իսկ փետրվարի 22-ին՝ «44 աստիճանի վրա» ներկայացումը։ Տեղի հայ համայնքի շրջանում լայն արձագանք գտած այս ներկայացումները դիտեցին շուրջ 600 հանդիսական։

Փետրվարի 23-ին թատերախումբը մեկնեց Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաք։ Այստեղ, Համազգային հայ կրթական և մշակութային միության «Գլաձոր» մասնա­ճյուղի կազմակերպմամբ, Հայ երիտասարդական կենտրոնի «Համազգային թատերասրահում» փետրվարի 27-ին թատրոնը հանդես եկավ «Փրկության կղզի», իսկ փետրվարի 28-ին և մարտի 1-ին՝ «44 աստիճանի վրա» ներկայացումներով։ Երեք ներկայացումներին ներկա գտնվեցին շուրջ 1320 հանդիսատես։

Փետրվարի 19-ին խումբն այցելեց Կանադայում ՀՀ դեսպանատուն՝ մասնակցելու ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի կազմակերպած հյուրընկալությանը, որին ներկա էին համայնքի մշակութային և հասարակական ակտիվիստները։ Հանդիպումը լուսաբանվեց Ռոջերս հայտնի հեռուստատեսության կողմից։ Ելույթ ունեցան դեսպան Ա․ Եգանյանը և թատրոնի տնօրեն Վ․ Մկրտչյանը: Դեսպան Եգանյանը և իր կինը ներկա գտնվեցին Մոնրեալում տեղի ունեցող երկու ներկայացումներին։ 

Համազգային թատրոնի կանադական հյուրախաղերը հիրավի նշանակալի երևույթ էին տեղի հայ համայնքի մշակութային կյանքում։ Թատերախումբն արժանացավ ջերմ ընդունելության և դրվատանքի խոսքերի։ Հյուրախաղերը լուսաբանվեցին ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ սոց․ կայքերով և այլ ԶԼՄ-ներով։